Ժամանակի սուբյեկտիվ զգացում

  Միշել Սիֆրը ֆրանսիացի գիտնական է, երկրաբան, քարանձավաբան, որը լայն ճանաչում գտավ շնորհիվ ժամանակից դուրս մի շարք փորձերի, որի ընթացքում միայնակ, առանց ժամացույցի երկար ժամանակ էր անցկացնում քարանձավում և ուսումնասիրում էր ժամանակի սուբյեկտիվ զգացումը:
  1962 թվականին Միշել Սիֆրը համոզեց իր քարանձավաբան ընկերներին անցկացնել փորձ, որի ընթացքում ինքը Սկարասսոն քարանձավում միայնակ պիտի 2 ամիս անցկացներ՝ ուսումնասիրելով ստորգետնյա սառույցը և միաժամանակ հետևելով իր օրգանիզմի կողմից ժամանակի ընթացքի սուբյեկտիվ գնահատականին: 1962թ.-ի հուլիսի 16-ին Սիֆրը իջավ քարանձավ, որտեղ նախօրոք ստեղծվել էին համապատասխան պայմաններ, բերվել էին էլեկտրական լամպեր, սննդամթերք, գրքեր, անհրաժեշտ սարքավորումներ, հեռախոս: Մակերևույթին հաստատվել էր շուրջօրյա հսկողություն: Սիֆրը պետք է ամեն անգամ հեռախոսով հայտներ, թե երբ է պառկում քնելու, երբ է արթնանում և թե իր կարծիքով ժամը քանիսն է: Բացի դրանից նա պետք է օրվա մեջ 2 անգամ հաշվեր մինչև 120-ը սուբյեկտիվ 2 րոպեի ընթացքում: Փորձը ավարտվեց սեպտեմբերի 14-ին, երբ ըստ Սիֆրի դեռևս օգոստոսի 20-ն էր:
Միշել Սիֆր
   Փորձի արդյունքները ցույց տվեցին, որ առանց երկրային օրվա մասին ինֆորմացիայի, քնի և արթուն վիճակի տևողության ընդհանուր գումարը 24,5 ժամ է: Սակայն օրվա և րոպեների տևողության անհատական գնահատականները գնալով ավելի ու ավելի չէին համընկնում իրականությանը:
  Սիֆրի ղեկավարությամբ ավելի ուշ կատարված փորձերի ժամանակ, որին անձամբ ինքը չէր մասնակցում, փորձարկվողների մոտ նկատվեց կենսաբանական ժամացույցի անցում 24 ժամանի օրերից 48 ժամանի օրերին, որից 36 ժամը նրանք արթուն էին, իսկ 12 ժամը՝ քնած: Տարիներ անց Միդնայթ քարանձավում անցկացրած 205 օրերի ընթացքում Սիֆրը նույնպես աստիճանաբար անցավ 48 ժամանի օրերին: Ընդ որում փորձարկվողները չէին զգում այդ անցումը և կարծում էին, որ ապրում են նախկին ռիթմով: Հետաքրքիր է, որ արթուն վիճակի ավելացումը և համեմատաբար քիչ քունը (ստացվում էր, որ 2 օրվա՝ 48 ժամվա ընթացքում մարդը քնում էր ոչ թե սովորականից 2 անգամ ավել՝ 16 ժամ, այլ ընդամենը 12 ժամ) ոչ միայն չէր բերում աշխատունակության անկմանը, այլ նպաստում էր աշխուժությանը:

Comments

Post a Comment