«Խլուրդի բույն». Էյնշտեյն-Ռոզենի կամուրջը

 «Խլուրդի բույնը» հիպոթետիկ ժամանակային-տարածական թունել է, որը թույլ է տալիս օբյեկտին տեղափոխվել տիեզերքի A կետից B կետը ոչ թե ուղիղ ժանապարհով, այլ ճկելով տարածությունը: Առավել պարզ հասկանալու համար կարող ենք վերցնել թուղթը, մեջտեղից ծալել և ծակել այն: Ստացված անցքը իրենից կներկայացնի «խլուրդի բույն»: Կա տեսություն, համաձայն որի տիեզերքում տարածությունը նման է այդ թղթին, միայն թե ի տարբերություն դրա՝ այն եռաչափ է: Տարբեր գիտնականներ տեսակետներ են հայտնում այն մասին, որ «խլուրդի բների» միջոցով հնարավոր է տեղափոխվել ժամանակի և տարածության միջով, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ վտանգներ է պարունակում «խլուրդի բույնը» և իրականում ինչ կարող է լինել դրա հակառակ կողմում:
    1935թ.-ին հայտնի ֆիզիկոսներ Ալբերտ Էյնշտեյնը և Նաթան Ռոզենը, օգտագործելով հարաբերականության ընդհանուր տեսությունը, առաջ քաշեցին այն տեսակետը, որ տիեզերքում գոյություն ունեն ժամանակի և տարածության միջով անցնող հատուկ կամուրջներ: Այդ ճանապարհները, որոնք կոչվեցին Էյնշտեյն-Ռոզենի կամուրջներ, միացնում են ժամանակի և տարածության 2 միանգամայն տարբեր կետեր՝ ճկելով տարածությունը, ինչը կրճատում է 2 կետերի միջև հեռավորությունը:  
   Հարաբերականության ընդհանուր տեսությունը մաթեմատիկորեն ապացուցում է խլուրդի բների գոյությունը, բայց մինչև հիմա դրանցից ոչ մեկը չի հայտնաբերվել մարդու կողմից: Նրանց հայտնաբերման բարդությունն այն է, որ խլուրդի բների ենթադրյալ հսկա զանգվածը և գրավիտացիոն հատկությունները կլանում են լույսը և թույլ չեն տալիս նրանց արտահայտվել:
  Հարաբերականության ընդհանուր տեսության վրա հիմնված որոշ տեսություններ ենթադրում են, որ խլուրդի բների մուտք և ելք են հանդիսանում սև անցքերը (դրանց մասին առավել մանրամասն կխոսվի հետագա գրառումներում): Սակայն սև անցքերի ծնունդը, որը մահացած աստղերի պայթյունի հետևանք է, չի կարող նոր խլուրդի բների առաջացման պատճառ դառնալ:
    Գիտական ֆանտաստիկայում կարելի է շատ հաճախ հանդիպել այնպիսի իրավիճակների, երբ գլխավոր հերոսները ճանապարհորդում են խլուրդի բների միջով, բայց իրականում այդպիսի ճանապարհորդությունը չի կարող այնքան հեշտ լինել, ինչպես ցույց է տրվում ֆիլմերում և պատմվում է ֆանտաստիկ գրականության մեջ:  
    Առաջին խնդիրը, որը կարող է առաջանալ, խլուրդի բների չափերն են: Ենթադրվում է, որ խլուրդի բները ունեն շատ փոքր չափեր՝ 10-33սմ: 
  Մյուս խնդիրը խլուրդի բների ոչ ստաբիլությունն է: Էյնշտեյն-Ռոզենի տեսության մեջ նկարագրված խլուրդի բները չեն կարող օգտագործվել ճանապարհորդության համար, քանի որ դրանք շատ արագ փլուզվում են (փակվում են), որի արդյունքում դիտորդը կամ ազդանշանը, որը չունի լույսի արագությունից ավելի մեծ արագություն, չի հասցնի անցնել բնի մի ծայրից մյուսը: Սակայն առավել նոր տեսությունները ենթադրում են ասպես կոչված էկզոտիկ մատերիայի գոյությունը, որը թույլ կտա խլուրդի բներին պահպանել իրենց կառուցվածքը առավել երկար ժամանակով:
  Էկզոտիկ մատերիան էլեմենտար մասնիկների ֆիզիկայի հասկացություն է, որը նկարագրում է ցանկացած բան, ինչը շեղվում է դասական պայմաններից, օրինակ ունի էներգիայի բացասական խտություն, կամ գրավիտացիայի հետևանքով ձգվելու փոխարեն վանվում է: 
    Տեսությունը ենթադրում է, որ եթե խլուրդի բույնը պարունակի բավարար չափով էկզոտիկ էներգիա, ապա հնարավորություն կառաջանա տարածության և ժամանակի միջով տեղափոխել ինֆորմացիա և հնարավոր է, նույնիսկ օբյեկտներ: Նույն տեսությունների համաձայն խլուրդի բները կարող են միացնել ոչ միայն նույն տիեզերքի 2 տարբեր կետեր, այլ նաև հանդիսանալ մուտքեր դեպի այլ տիեզերքներ: 
   Ցավոք (կամ բարեբախտաբար), ժամանակակից տեխնոլոգիաները բավարար չեն այն բանի համար, որ խլուրդի բները արհեստականորեն մեծացվեն կամ ստաբիլիզացվեն, այն դեպքում, եթե դրանք հանկարծ հայտնաբերվեն: Բայց գիտնականները շարունակում են փնտրել հեշտ և արագ տիեզերական ճանապարհորդության մեթոդներ, և մի օր դա կարող է միանգամայն հնարավոր դառնալ:

  Առաջարկում եմ դիտել մի շատ հետաքրքիր տեսանյութ, որտեղ մանրամասնորեն պատմվում է ժամանակի միջով ճանապարհորդությունների, դրանց հնարավորության, այդ ոլորտում ժամանակակից գիտության նվաճումների մասին: Տեսանյութը դիտելու համար սեղմե՛ք այստեղ:

Comments